wordpress themes.

Արցախի եվրոպական շարժման հայտարարությունը Արցախի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների եվրոպական արձագանքների մասին

Արցախի եվրոպական շարժման նպատակներից մեկն էլ եվրոպական արժեքների տարածումն է Արցախում: Մեր կողմից կազմակերպվող տարբեր դասախոսությունների, հանդիպումների ընթացքում,  խոսելով Եվրամիության նպատակների մասին, մենք հատկապես շեշտում ենք, որ նա աջակցում է ժողովրդավարության տարածմանն ու ամրապնդմանը, ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը: Սակայն Արցախի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հայտարարությունից հետո շատ դժվար կլինի Արցախի հասարակությանը համոզել, որ ԵՄ-ը աջակցում է ժողովրդավարական պրոցեսներին: Մեզ համար անհասկանալի է ԵՄ կողմից Արցախի ժողովրդի  ընտրության իրավունքը չճանաչելը` հղում կատարելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չճանաչվածության վրա:


Ցանկանում ենք հիշեցնել, որ պետության իրավունքները և պարտականությունները ծագում են նրա հռչակման և ոչ` ճանաչման պահից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հռչակման հենց սկզբից ընտրել է ժողովրդավարական պետություն կառուցելու ուղին, արդեն կայացրել է իր կառույցները, Արցախի քաղաքացիական հասարակությունը պայքարում է դրանց կատարելագործման համար: Դժբախտաբար այս ջանքերը աջակցություն չեն ստանում ԵՄ կողմից, ավելին` նմանատիպ հայտարարություններով փորձվում է ճնշում գործադրել ժողովրդավարության զարգացման վրա:

Միգուցե մի օր էլ ԵՄ-ը չճանաչի Արցախի ժողովրդի կյանքի իրավունքը: Անուղղակիորեն դա էլ է արվում, քանզի Ադրբեջանի պատերազմ սկսելու բոլոր հայտարարությունները անտեսվում են ԵՄ կողմից: Արցախի եվրոպական շարժումը գտնում է, որ Գերագույն հանձնակատարի այս հայտարարությունն արված է Ադրբեջանի ճնշման տակ և կազմվել է ոչ պրոֆեսիոնալների կողմից:

Հույս ունենք, որ Եվրամիության դիվանագիտական ծառայության ձևավորման հետ, ԵՄ արտաքին քաղաքականությամբ կզբաղվեն պրոֆեսիոնալները և հնարավոր կլինի խուսափել ԵՄ հեղինակությունն արատավոր քայլերից, ինչպիսին Գերագույն հանձնակատարի հայտարարությունն էր:

“Արցախի եվրոպական շարժում” հասարակական կազմակերպություն
29.05.2010թ. 

Вы можете оставить комментарий, или ссылку на Ваш сайт.

Оставить комментарий