wordpress themes.

Արցախի եվրոպական շարժումը եւ հասարակական դաշտի խնդիրներն Արցախում

Արցախի եվրոպական շարժումը ստեղծվել է 2010թ. ապրիլին` նպատակ ունենալով ներկայացնել Արցախը միջազգային եվրոպական շարժման մեջ: Կազմակերպության հիմնադիրները կարեւորում են միջազգային հասարակական սեկտորում Արցախի` որպես առանձին միավոր, որպես պետություն ներկայացված լինելը: Ցավոք սրտի, մեր երկրում աշխատող ՀԿ-ների մեծ մասն այն ներկայացնում են որպես միայն հակամարտության կողմ, այս համատեքստում էլ միջազգային քաղաքացիական հանրության մոտ զարգանում են ըմբռնումները Արցախի վերաբերյալ: Դրա պատճառը շատ պարզ է` արտասահմանյան դրամաշնորհների մեծ մասը հենց խաղաղաշինությանը, հանդուրժողականությանը, հակամարտող հասարակությունների միջեւ երկխոսությանն են ուղղված: Մենք ողջունում ենք մեր այն բոլոր արցախյան գործընկերներին, որոնք Արցախը ներկայացնում են որպես առանձին սուբյեկտ տարբեր միջազգային շարժումներում եւ հասարակական միություններում:

Մեր կազմակերպությունը գործունեության ակտիվ փուլ դեռ չի թեւակոխել` դեռեւս զբաղված ենք ծրագրերի մշակման եւ ռեսուրսների հայթայթման գործով: Համագործակցում ենք Հայաստանի եվրոպական շարժման հետ, որը Միջազգային եվրոպական շարժման լիիրավ անդամ է: Մեր նպատակներից մեկն էլ լինելու է առաջիկա տարվա մեջ դառնալ Միջազգային եվրոպական շարժման թղթակից անդամ: Շարժման կանոնադրությունն այդպիսի հնարավորություն թողնում է մեզ համար: Գլխավոր նպատակներից մեկը պետք է լինի Միջազգային եվրոպական շարժման ցանցի մեջ մտնող կազմակերպությունների հետ համագործակցությունը, ստաժորների փոխանակումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:

Մենք մեծապես կարեւորում ենք քաղաքացիական հասարակության դերն Արցախի Հանրապետության կյանքում` թույլ ընդդիմության կամ դրա բացակայության եւ ազատ մամուլի ոչ ազդեցիկ լինելու պայմաններում: Կազմակերպված եւ արդյունավետ աշխատանքի դեպքում այն կարող է բավականին արդյունավետորեն ներկայացնել մեր երկիրը միջազգային հասարակական հարաբերություններում, ոլորտում ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր, վերապատրաստման, կրթական ծրագրերի միջոցով ունենալ որակյալ կադրեր, որոնք կարող են այնուհետ օգտակար լինել ոչ միայն հասարակական սեկտորին, մեծապես նպաստել ազատ մամուլի ստեղծմանն ու կայացմանը մեր երկրում, Արցախում այնքան պակասող հասարակական դիսկուրսի ստեղծմանը, մի խոսքով` հասարակական կարծիքի ուժեղացմանը: Միեւնույն ժամանակ, ՀԿ դաշտի ուժեղացումը կդրդի քաղաքական ուժերին լուրջ բարեփոխումների գնալ իրենց կառույցներում` որակյալ ու արդյունավետ դառնալու համար: Հասարակական կյանքում իր լուրջ ներգրավվածությամբ, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ հասարակական սեկտորը կարող է օգտակար լինել կոռուպցիայի, կրթական ցածր մակարդակի, առողջապահական համակարգի անարդյունավետության եւ այլ մարտահրավերների դեմ պայքարում: Այն նաեւ լուրջ օգնական կարող է լինել իշխանությունների համար` արտաքին քաղաքական հարաբերությունների ժամանակ մանեւրելու դաշտ ապահովելով: Ցավոք, մոտակա հնգամյակում, նույնիսկ տասնամյակում ես չեմ պատկերացնում այս ամենը` դաշտի ոչ պրոֆեսիոնալ, ինտրիգասեր, ինչպես նաեւ համայնքային հասարակությանը հատուկ այլ թերությունների պատճառով:

Ի՞նչ է հարկավոր անել հասարակական դաշտն ամրացնելու, այն ավելի արդյունավետ դարձնելու համար:

. Նախ պետք է փոխվեն պատկերացումները: Մենք դեռեւս ապրում ենք խորհրդային իներցիայով, եւ սա լուրջ մարտահրավեր է: Խորհրդային իներցիա ասելով նախ եւ առաջ պետք է հասկանանք պետության, իշխանության դերի մասին մեր ըմբռնումները: Պետությունը մեզ մոտ նույնացվում է իշխանությունների հետ, ինչպես խորհրդային տարիներին` բոլոր հարցերը ցանկանում ենք, որ իշխանությունները լուծեն: Օրինակ, շենքի կաթող տանիքի կամ վերելակի նորոգման համար պարտադիր նամակ ենք գրում երկրի նախագահին, այնինչ, ասենք, Երեւանի որեւէ թաղամասում այդ հարցը լուծվում է համայնատիրություն կոչվող գործիքի միջոցով: Քաղաքացիական հասարակության մեջ կարեւոր մաս են ոչ միայն ոչ կառավարական կազմակերպությունները, այլ նաեւ ակտիվ, նախաձեռնող քաղաքացիները: Մեզ մոտ հենց պետք է նախաձեռնողականությունը զարգացվի: Այս որակը ոչ միայն իր սեփական շենքի խնդիրները լուծող, իր շրջակա կանաչ տարածքի համար պայքարող քաղաքացի ունենալու համար է պետք, այլ նաեւ ընդհանրապես որեւէ բնագավառում զարգացում ունենալու համար: Իսկ մեզ մոտ (եւ հատկապես քաղաքացի, սերունդ դաստիարակող կրթական համակարգում) նախաձեռնողականությունը սպանվում է, խրախուսվում է իներտությունը, ինչն էլ ի վերջո բերում է լուրջ արտագաղթային տրամադրությունների (Արցախում բողոքի արտահայտման ամենատարածված ձեւը):

. Արցախում ոչ կառավարական սեկտորն ուժեղացնելու համար խիստ կարեւոր է Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի ակտիվ մասնակցությունը` կադրերի տեսքով: Արցախյան ՀԿ սեկտորը խիստ կարիք ունի գրագետ, լեզվական հմտություններ ունեցող, ոլորտում աշխատանքի փորձ ունեցող կադրերի: Դրանք կարելի է գտնել ՀՀ-ում եւ Սփյուռքում, նրանց Արցախ գալը նոր որակ կհաղորդի արցախյան հասարակական ոլորտին, նրանց միջոցով հնարավոր կլինի ներգրավել նոր դրամաշնորհներ եւ հաստատել նոր կապեր:

. Կարեւոր է, որ հայաստանյան եւ Սփյուռքի կազմակերպություններն Արցախում իրականացնեն տարբեր ծրագրեր, հանդես գան տարբեր նախաձեռնությունների ֆինանսավորմամբ: Կարեւոր է նաեւ ՀՀ կառավարության մասնակցությունն այս գործին: ՀՀ կառավարությունը դրամաշնորհների եւ միջպետական վարկի ձեւով տարեկան հսկայական գումարներ է հատկացնում Արցախի Հանրապետությանը: Լավ կլինի, որ նպատակային հատկացումներ լինեն նաեւ արցախյան հասարակական կազմակերպություններին, օրինակ՝ հայոց լեզվի ուսուցման, համահայկական ճամբարների կազմակերպման, տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացման եւ այլ նպատակների համար:

Փորձելով ամփոփել վերը շարադրվածը՝ կարծում եմ, որ արցախյան քաղաքացիական սեկտորի թերզարգացվածության հիմնական պատճառը մեր հասարակությունում առկա համայնքային մտածելակերպն է, մեր հասարակության փակ լինելը: Ինչպես նշել է Ֆրանսուա դե Լարոշֆուկոն` «Մտքի սահմանափակությունը ծնում է համառություն, եւ մենք դժվարությամբ ենք հավատում այն բաներին, որոնք դուրս են մեր պատկերացումների սահմաններից»: Հետեւաբար, պետք է շեշտը դրվի մեր պատկերացումների սահմաններն ընդլայնելու վրա, ինչը տեղի է ունենում շփման, կրթության, նոր մարդկանց, նոր գաղափարներ ներգրավելու միջոցով:

Հայկ ԽԱՆՈՒՄՅԱՆ
«Արցախի եվրոպական շարժում»
ՀԿ նախագահ
Ստեփանակերտ

Անալիտիկոն, N 11 (23), նոյեմբեր, 2010

Вы можете оставить комментарий, или ссылку на Ваш сайт.

Оставить комментарий