wordpress themes.

Միջազգային եվրոպական շարժումը ողջունում է հետխորհրդային չճանաչված երկրները եվրոպական ծրագրերում ներգրավելու ԵՄ քաղաքականությունը

2011թ. հոկտեմբերի 20-21-ը Երևանում տեղի է ունեցել Միջազգային եվրոպական շարժման ամենամյա կոնգրեսը, որն այս անգամ կրել է «Խթանելով քաղաքացիական հասարակության դերը հետագա եվրոպական ինտեգրացիայի գործընթացում Արևելյան գործընկերության երկրներում» անունը: Եվրոպական շարժման բարձրաստիճան պաշտոնյաների և անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած աշխատանքային խմբերում քննարկվել են քաղաքացիական հասարակությանը ԵՄ օժանդակության զարգացման, ազգային ռեֆորմների, վիզաների դյուրացման հարցեր: Երեք աշխատանքային խմբերի ջանքերով էլ կազմվել է Միջազգային եվրոպական շարժման վերջնական հռչակագիրը: Հռչակագրում հեղինակավոր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնում ԵՄ «ներգրավում առանց ճանաչման քաղաքականությանը», ինչը ենթադրում է ավելի սերտ կապեր Արցախի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի քաղաքացիական հասարակությունների հետ և վերջիններիս ներգրավվածություն եվրոպական տարբեր ծրագրերի մեջ:

Հռչակագրի կետը ձևակերպված է այսպես. «Կոնգրեսի մասնակիցները նաև արտահայտել են իրենց աջակցությունը Եվրոպական Խորհրդարանի 2011թ. ապրիլի 7-ի` «Եվրոպական հարևանության քաղաքականության վերաբերյալ – արևելյան ուղղություն» բանաձևի վերաբերյալ, և հատկապես հոդված 49-ի, որը կոչ է անում ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ/ԵՄ բարձրագույն ներկայացուցչին «զարգացնել ավելի շատ վստահություն ներշնչող միջոցներ և ծրագրեր, որը կընդգրկի նոր առաքելությունների և հասարակական հաղորդակցության ռազմավարությունների հիմնադրումը, պրագմատիկ նախաձեռնությունների հաշվի առնումը, նորարար մոտեցումները, ինչպիսիք են ոչ ֆորմալ շփումները և խորհրդակցությունները անջատված տարածքների հասարակությունների հետ, միևնույն ժամանակ պահպանելով ԵՄ չճանաչման քաղաքականությունը, որպեսզի օժանդակենք քաղաքացիական մշակույթը և հասարակական երկխոսությունը»:
Այս կետի առաջմղման համար Արցախի եվրոպական շարժումն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանին, ինչպես նաև «Եվրոպական ուսանողների ֆորում» միջազգային ոչ կառավարական կազմակերպության նախագահ Ալֆրեդո Սելլիտտիին և Բելգիայի Պետական նախարար, Միջազգային եվրոպական շարժման փոխնախագահ Շառլ-Ֆերդինանդ Նոտհոմբին` գաղափարին աջակցելու համար:

Հռչակագրի բնօրինակը՝ այստեղ 

Արցախի եվրոպական շարժման հանրային կապերի բաժին
Ստեփանակերտ
27 հոկտեմբերի, 2011թ.

Комментирование и размещение ссылок запрещено.

Комментарии закрыты.